Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել, ասել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:
«Ամեն ինչ սկսվել է թուրքերի կողմից 1915 թ․ ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է որպես ցեղասպանություն և էթնիկ զտում Էրդողանի մտերիմ գործընկեր Ալիևի կողմից։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ալիևն ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ են, քանի որ մեզ կուրացրել է այն փաստը, որ ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից»,- նշել է պատգամավորը։
Գիորգիուն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։