ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ԼՂ-ում էթնիկ զտումը կանխելու համար. կոնգրեսականների հայտարարությունը
Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը, Դևիդ Վալադաոն հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը:
«Նախագահ Ալիևն այս կանխամտածված հարձակումը կազմակերպել է Արցախի հայ բնակչությանը վտարելու նպատակով: Այսպես կոչված «հումանիտար միջանցքները», որոնք նա, ինչպես հաղորդվում է, բացել է, որ քաղաքացիական անձինք կարողանան լքել այս շրջանը, նախատեսված են միայն` շարունակելու էթնիկ զտումների իրենց արշավը` օգտագործելով բռնությունը, սովն ու վախը, ստիպելու այդ մարդկանց լքել իրենց հայրենիքը: Հայերը Լեռնային Ղարաբաղն իրենց տունն են կոչել հազարամյակներ շարունակ: ԱՄՆ-ն պետք է օգտագործի դիվանագիտական ողջ գործիքակազմը` ներառյալ պատժամիջոցները, որպեսզի ապահովի նրանց` ԼՂ-ում մնալու իրավունքը: Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու ադրբեջանական ուժերի կողմից հետագա ցանկացած ագրեսիա և ապահովելու հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ: