Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան

Երևանը Մոսկվային Հռոմի կանոնադրության վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներ է ուղարկել․ Մարուքյան



Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտի վավերացման նախապատրաստման հետ կապված առաջարկներով, ուղարկել է Ռուսաստանին: Մարուքյանի խոսքով՝ ներկայումս առաջարկությունները քննարկվում են:
«Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով: Մեր ռուս գործընկերները լավ տեղեկացված են: Այդ գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման հարցին, հայտնել էր՝ այս գործընթացը չպետք է պայմանավորել հայ-ռուսական հարաբերություններով, և որ ստատուտի վավերացումը կապ չունի ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Նշենք, որ մարտին Սահմանադրական դատարանը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները սահմանադրական է ճանաչել:

Ըստ գործադիրի հիմնավորման՝ Հռոմի կանոնադրության վավերացումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների դեպքերով։