Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին



Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի 12 շրջանում՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին: Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:
«Մինչև ընտրությունների օրը Կառլա Դեջոնգի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային կառավարման նախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային ՀԿ-ների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը մտքեր կփոխանակի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ:
Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ պատահականության սկզբունքով կտեղակայվի Երևանի բոլոր 12 շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրական ընթացակարգերին հետևելու համար:

Նախնական եզրակացություններով հայտարարությունը պատվիրակության ղեկավարը կհրապարակի Կոնգրեսի կայքում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին»,- հայտնել են Եվրոպայի խորհրդից: