Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չունի՞ ասելու Ղարաբաղի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում
Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ էպահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին ու տրամաբանությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թուրք պատվիրակ Այդին Քամիլի հարցին:
Նրա խոսքով, այն ֆորմատը, որի շրջանակներում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է. «Եթե վեցնենք ու նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եւ ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին: Ոչ միայն ենթադրվել է, այլեւ տեղի է ունեցել: Ես հիմա թվականը կոնկրետ չեմ կարող հիշել, բայց ենթադրում եմ 1994, 1995, 1996 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Մոսկվայում: Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որ այս կոմունիկացիան արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձեւաչափով: Այսինքն ոչ միայն համանախագահներն են երեքը եղել, այլեւ մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂ-ի ներկայացուցիչները:
Մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձեւաչափում քննարկումը շարունակելու հարց: Սա մեզ համար նախապայման չէ, քմահաճույք չէ: Ոմանք սկզբից փորձեցին սա որակել ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է. մենք ասում ենք՝ մենք ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք, ինչպե՞ս ենք դա պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի»,-հայտարարեց Փաշինյանը:
«Շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են, ապրում են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում: Այսպես կարող ենք շատ շարունակել: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքն է ծնվել, որտեղ ծնվել եւ հուղարկավորված են իր նախնիները:
Ամեն կոնֆլիկտ պետք է նայել իր էության մեջ: Հասկանալի է, որ այստեղ կան բազմաթիվ նրբություններ: Մեր առաջարկն է նստել սեղանի շուրջ, հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները, համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, ինչպես դա հարիր է 21-րդ դարի մարդկանց, ինչպես հարիր է ԵԽ անդամ երկու երկրներին, ժողովուրդներին: Մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, որ վերջերս հրապարակային հարց է տվել, թե արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չունի՞ ասելու ԼՂ ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին:
«Ես կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովդին ու խոսել նրա հետ: Հիմա էլ, իհարկե, կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի միակողմանի եւ հանկարծ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ այս խոսակցությունը կառավարությունների, հասարակությունների, երիտասարդության միջեւ սկսվի եւ տեղի ունենա, որովհետեւ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»,-ընդգծեց Փաշինյանը:
Աղբյուր՝ news.am