Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

Ստեղծված փակուղուց խաղաղ ելքի հնարավորություն կա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի հարցին՝ ներկա փակուղային իրավիճակից արդյոք կա՞ խաղաղ ելքի հնարավորություն:
«Փակուղուց խաղաղ ելքի հնարավորությունն արձանագրվել է երեք փաստաթղթերում, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ մշակվել են այս իսկապես շատ բարդ, արդեն շատ հին և, ցավոք, մինչ օրս ձգվող հակամարտության կողմերի միջև։ Վերջին տարիներին, ընդգծեմ՝ Մոսկվայի և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերի շնորհիվ այն թևակոխել է կարգավորման փուլ։ Բոլորը պայմանավորվել են, և 2020 թվականից հետո բազմիցս վերահաստատել են այդ փաստաթղթերի արդիականությունն ու դրանց պատմական դերը, պարզապես պետք է դրանք կատարել։
Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, ապա մենք այն պարբերաբար լսում ենք տարբեր կողմերից՝ և՛ իշխանության ներկայացուցիչներից, և՛ քաղաքագիտական շրջանակներ ներկայացնող անձանցից։ Հռետորաբանությունը պետք է լինի այնպիսին, որ նպաստի իրավիճակի կարգավորմանը: Բոլորն արդեն սովորել են բորբոքել, անջատվել։ Ոչ բոլորը գիտեն՝ ինչպես հաշտվել, օգնել, վերականգնել և համախմբվել։ Սա այն է, ինչին մենք պետք է ձգտենք»,- ասել է Զախարովան։