Ակնկալում ենք, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվելու է նաև Լաչինի միջանցքը. Զախարովա
Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորմանը: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջ քաշած նախաձեռնության շրջանակում բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման: Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։
Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին Ռուսական Կարմիր խաչ համառուսաստանյան հասարակական կազմակերպության գծով տարածաշրջան է մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ: Օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը՝ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվելու է նաև Լաչինի միջանցքը, և այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր հիմունքներով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան:
Ակնկալում ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, իսկ տեղի բնակչության բնականոն կենսագործունեությունը կվերականգնվի։ Դա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,- նշել է Զախարովան։