ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հարցում քայլեր չձեռնարկելը գործնական ազդեցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա. Բորել
Եվրախորհրդարանում անցկացված հարցուպատասխանի ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Հայաստանի ու Ադրբեջանի հարցը որպես օրակարգի առանձին կետեր քննարկվել են նաև 2023 թվականի հունիսի 26-ին արտաքին գործերի խորհրդի նիստում, որտեղ բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական արգելափակման հետևանքով վատթարացող իրավիճակը։
«Նա արտաքին գործերի նախարարներին զգուշացրել է հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի կոչը: Մի շարք անդամ պետություններ աջակցություն են հայտնել Եվրոպական խորհրդի նախագահի և բարձր ներկայացուցչի ջանքերին և մտահոգություն արտահայտել միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:
ԵՄ-ն 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ- ն բազմիցս կոչ է արել լիարժեք բացել միջանցքը և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներին օգնելու հարցում:
«Այս կապակցությամբ ներկայումս չի դիտարկվում 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի հետ ստորագրված էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի գործողության կասեցումը, որը հանդիսանում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ԵՄ ջանքերի մի մասը։ Սակայն ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում, իսկ դա պատշաճ կերպով չանելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա»,- ըստ ԵԽ տարածած մամուլի հաղորդագրության՝ նշել է Ժոզեպ Բորելը: