Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում. Գերմանիայի ԱԳ նախարար
Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում, որն ընթանում է Իսպանիայի Տոլեդո քաղաքում:
«Իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է: Մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջապես ստանա այն, ինչը նրան պետք է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության տեղափոխման համար»,- ընդգծել է Բերբոքը:
Նա նաև հայտնել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքներ է փոխանակում ամերիկացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելը երաշխավորելու համար: