Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված մինչև Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցումը. Սպիտակ տուն

Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված մինչև Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցումը. Սպիտակ տուն



ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և Նիգերում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել Ուկրաինային։ Ազգային անվտանգության գծով օգնականներն ընդգծել են, որ Ռուսաստանի սուվերեն ակտիվները, որոնք գտնվում են իրենց երկրների իրավասության ներքո, կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը»,- ասված է բանակցությունների արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։

Պաշտոնյաները քննարկել են նաև «Նիգերի սահմանադրական կարգին վերադարձի կարևորությունը» և Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի (ECOWAS) դերը աֆրիկյան այդ երկրում ճգնաժամի կարգավորման գործում: