ՀՀ արտակարգ եւ Լիազոր դեսպանը այցելեց Ախալցխա
Հոկտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, դեսպանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը այցելեցին Ախալցխա։ Ախալցխայում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի մուտքի մոտ դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Մեդիա Վերլուծական կենտրոնում հավաքվածները դեսպանի հետ քննարկեցին շրջանի հասարակությանը հուզող մի շարք հարցեր։
Այնուհետեւ դեսպանի գլխավորած պատվիրակությունը այցելեց քաղաքի հայկական դպրոց։ Դպրոցում Ռուբեն Սադոյանը այցելեց բռնցքամարտի սրահ, որտեղ հանդիպեց մարզիչ Գեւորգ Շուշանյանի հետ։ Գեւորգ Շուշանյանը դեսպանին ծանոթացրեց բռնցքամարտում իրենց ունեցած հաջողությունների մասին։ Գեւորգ Շուշանյանի խոսքերով՝ մարզասրահը նրա գլխավորությամբ տասնյակ տարիների ընթացքում Եվրոպային, Հայաստանին ու Վրաստանին մի շարք չեմպիոններ է տվել, սակայն այսօր արհեստական ստեղծված խնդիրների պատճառով հայտնվել է փակման եզրին։ Նրա խոսքերով՝ սրահը կարեւոր է ինչպես հայ, այնպես էլ վրացի մարզիկների համար եւ այնտեղ առանց խտրականության բոլոր ցանկացողներին օգնում են դառնալ պրոֆեսիոնալ մարզիկներ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ աշխարհի մրցանակակիր, Հայաստանի եւ Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Ցոլակ Անանիկյանը, ով եւս տվյալ մարզադպրոցի սանն էր։
Հայկական դպրոցում դեսպանը Վիրահայոց առաջնորդի եւ հասարակության ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ խոնարհեց Շառլ Ազնավուրի պատվին կանգնեցված աղբյուրի առջեւ, որից հետո այցելեց «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միություն՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հիշատակին կազմակերպված միջոցառմանը։ (Մանրամասները մի փոքր ուշ)։