2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ
2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Իղալթոյի վանական համալիրում, որտեղ ներկայացրել է կրթության բարեփոխման տեսլականը: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։
«Վերանայվելու է մանկավարժների աշխատավարձային քաղաքականությունը: Նախնական փուլում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ավելացած աշխատավարձ կստանա շուրջ 10 հազար ուսուցիչ, իսկ 2022 թվականի համար մեր նպատակն է, որպեսզի հանրային դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձն ավելանա երեք անգամ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, հզոր, ժամանակակից դպրոցում պարտադիր կլինի անվտանգ և առողջ միջավայր:
«Նոր դպրոցի տնօրենը պետք է լինի առաջնորդ, որը դպրոցը ղեկավարում է կառավարման նոր մեթոդով: Դպրոցում կներդրվի ուսուցման նոր մեթոդաբանություն, որի հիման վրա կդասավանդեն վերապատրաստված մանկավարժները: Դպրոցի ենթակառուցվածքը պետք է նորացվի և պատասխանի նոր նպատակներին և խնդիրներին: Այսօր արագ փոխվում է մեր միջավայրը և նման դինամիկայի պայմաններում, որպեսզի երեխան, դեռահասը հասնի հաջողության, նրա զարգացումը պետք է լինի այս փոփոխություններին համապատասխան»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: