Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի, մշակույթի կենտրոնը նվերներ է տրամադրելու Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիներին
Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի, մշակույթի կենտրոնը հանդես է գալիս «Մանկության մոլորակ» նախաձեռնությամբ, շնորհավորական նվերներ պատրաստելով Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիների համար:
Նախնական շրջանում նախատեսվում է նվերներ տրամադրել Կարծախ, Խանդո, Սուլդա, Ղադո, Կորխ, Թոթխամ, Բալխո, Օրջա, Արագովա, Բալխո եւ Կուլիկամ գյուղերի առաջին դասարանցիներին:
«Անուշ» պարախումբը 17 տարի եղել է Մյունխենի հայ հայրենակցական միության անբաժան մասնիկն է: Մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, մրցույթների , փառատոների, բարեգործական ծրագրերի: 2018 մարտից, խմբի անկախացումը հիմք հանդիսացավ Մյունխենի հայ – գերմանական «Անուշ» պարի-մշակույթի կենտրոնի ստեղծմանը:
Այս կարճ ժամանակահատվածում (6 ամիսների ընթացքում) նրանք իրականացրել են ծրագրեր, որոնցից են` «ՀՀ անկախության 100 ամյակը», «Մայրերի տոն», «Ապրիլի 24», «Արի պարի քոչարի», Մամիկոն Խուրշուդյանի հունիսի 1-ի բարեգործական ծրագիրը` սահմանամերձ գույուղերում, «Իմ Հայաստան փառատոն», «Ջիվանու օրվա» տոնակատարություն, Մյունխենի «Միջազգային մշակույթի փառատոն» և այլն:
Այժմ «Անուշ» պարի-մշակույթի կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կոչվում է «Մանկության մոլորակ» : Ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 15 -17 շնորհավորական նվերներ կստանան Ջավախքի որոշ գյուղերի առաջին դասարանցիներ: Կազմակերպիչների խոսքերով Ծրագիրը շարունակական է լինելու և ժպիտ է պարգևելու հայ մանուկներին:
«Մենք շնորհավորում եմ բոլոր երեխաներին գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում ենք ուսման մեջ բարձր առաջադիմություն, անհոգ մանկություն և խաղաղ երկինք: Թող որ «Մանկության մոլորակ» -ը պտտվի այնքան , որքան մեր Երկիր մոլորակը` ժպիտ պարգևելով և’ մեծերին, և’ փոքրերին»,-նշում են ծրագրի կազմակերպիչները: