Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել փոխադարձ հարգանքի, փոխադարձ հարգանքի, երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա, տեղեկացնում է РИА Новости-ն:
Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պետք է շարունակել հիմնվել երկրների դաշնակցային հարաբերությունները հարգելու սկզբունքի վրա:
«Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», – ասել է Փաշինյանը՝ հիմնական առաջադրանք անվանելով երկկողմ հարաբերությունների ամբողջ ներուժի բացահայտումը:
Փաշինյանը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար ուրիշ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել հանդիպումների կանոնավորությունը, ամրապնդել փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում:
Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում «անլուծելի հարցեր չկան»:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Նա նշել է, որ դարեր ի վեր երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են ունեցել:
«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը», – նշել է Պուտինը:
ՀՀ վարչապետը նաև գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հանդիպումն այսպես ամփոփելով. «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:
tert.am