Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել

Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում: Հաղորդում է shamshyan.com  կայքը։

Հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ պայքարում են կրակի տարածման և կանխման դեմ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարրման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը:

Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի