Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև։
Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։
Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»: