Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սամցխե-Ջավախքի բնակիչները Հայաստանում մինչեւ իշխանափոխությունը տեղի ունեցած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվում են։ Տվյալ հարցի լուծման համար Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Akhaltskha.Net-ը տվյալ նամակը ուղղված  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է առանց փոփոխության։

Տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ վերջին շրջանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են մեզ, գանգատվելով այն բանից, որ մեր շրջանի որոշ վարորդներ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակ թույլ են տվել վարչական իրավախախտումներ, սակայն այդ իրավախախտումների նկատմամբ Հայաստանի համապատասխան ծառայությունների կողմից արձագանք չի եղել: Բոլոր վարչական իրավախախտումները մտցվել են ցուցակ և հանձնվել Հայաստանի մաքսային ծառայությանը, ինչից հետո մեր բնակիչներին սկսել են տուգանել նախկին վարչական իրավախախտումների համար: Մեր վարորդները հասկացել են, որ չպետք է խախտեին ճանապարհային երթևեկության կանոնները: Հայաստանը մեզ՝ ջավախքցիներիս  համար եղել է, կա ու կմնա որպես պատմական հայրենիք: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք եղել, երբ ընթանում էին ղարաբաղյան իրադարձությունները, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, մենք ձգտել ու ձգտում ենք օգուտ տալ մեր Մայր Հայաստանին: Այսօր մեր բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է: Տուգանելով ջավախքցիներին սահմանին ՝ ավելի ենք խորացնում մեր բնակչության սոցիալական վիճակը:

Վերոնշյալից ելնելով, խնդրում ենք Ձեզ, բացառության կարգով,  ներել նախկին վարչական իրավախախտումները, ինչպես դա կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Եթե նորից կխախտվեն ճանապարհային երթևեկության կանոնները, ապա թող իրավախախտները տուգանվեն: