Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին
Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից:
«Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ ազգագրական և ժողովրդական երգերի կատարումներով՝ ներկաներին փոխանցելով հայրենի Ջավախքի ոգին և շունչը:
ՋԱՀ-ը կարևորում է ջավախքցի փոքրիկների և պատանիների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, որոնք հնարավոր են դարձնում Հայաստան-Վրաստան փոխադարձ այցելությունները, ինչպես նաև հայկական և վրացական մշակույթները փոխադարձ ներկայացնելու առիթ են ստեղծում: