Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ուղիղ 100 տարի առաջ մեծ դժվարությունների ու կորուստների գնով ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ XIV-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անկումից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին հայկական պետությունն էր, որը կազմավորվեց ավելի քան վեց դարերի անկումից հետո։ Հայաստանի անկախության հռչակումը շատ մեծ ու դժվարին պահ էր հայ ժողովրդի համար, որը նոր էր վերապրել ցեղասպանություն ու հազարավոր հայեր փրկվելով թուրքական կոտորածներից անտուն, սոված ու ջարդված համաճարակով ստիպված էին վերջին կենաց մահու ճակատամարտ մղել ընդդեմ թշնամու Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում։ Ահա այդպիսի պայմաններում էր Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակում իր անկախությունը։

Սակայն մինչեւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի, հայ ժողովուրդը Ջավախքում արդեն ամիսներ շարունակ եւս կենաց-մահու պայքար էր մղում ընդդեմ զավթիչ թուրքական բանակի։ Ախալցխայի ինքնապաշտպանությունը, որը սկսվել էր դեռեւս 1917 թվականի աշնանը, կարելի է արդարորեն համարել Սարդարապատում ապագա հաղթանակի սկիզբը։ Քանզի, եթե ամիսներ շարունակ տեւած ինքնապաշտպանությունը ավարտվեր անհաջողությամբ, ապա թուրքական զորքերը գրավելով Ախալցխան հետո էլ ամբողջ Ջավախքը առաջ էին շարժվելու դեպի Ալեքսանդրապոլ արդեն Հայաստանի հյուսիսային սահմաններից։ Այս առումով Ախալցխայի ինքնապաշտպանությունը պետք է ընդունել, որպես առաջին սարդարապատ, որը ամիսներ շարունակ պաշտպանեց շրջանը թուրքական բանակի գրավումից եւ ճանապարհ բացեց հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների։

Այդ օրերին սարսափելի դժվար էր Ախալցխայի իրավիճակը։ Տեղի ժողովուրդը զրկված էր Թիֆլիսի եւ Երեւանի օգնությունից եւ ինքնուրույն էր հայթայթում ինչպես սնունդ, այնպես էլ զենք, զինամթերք։ Ախալցխայի շրջանում թուրք մեսխեթցի կոչվող ցեղերը քաղաքից դուրս կազմում էին շրջանի բնակչության մոտ 60 տոկոսը։ Նրանք լրիվ համակրում ու իրենց հնարավորությունների սահմանում աջակցում էին թուրքական զորքերին։ Սակայն շնորհիվ Ախալցխայի քաղաքապետ Զորի Զորյանի շրջանում թուրքական ներկայության վտանգը գրագետ ձեւով չեզոքացվեց եւ թուրք մեսխեթցիների ու հայերի միջեւ լուրջ ընդհարում տեղի չունեցավ, ինչը թույլ տվեց քաղաքապետին իր ողջ ուժերը կենտրոնացնել ինքնապաշտպանության կազմակերպման վրա։ Այս իմաստով Ախալցխայի, Դամալայի ու Սաթխայի ինքնապաշտպանությունը պետք է համարել հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների անբաժանելի մաս։

Եթե չլիներ Ախալցխայի ինքնապաշտպանությունը, ապա վստահորեն կարելի է ասել, որ Ջավախքը չէր լինի Վրաստանի կազմում ու այն կլիներ այսօր թուրքական։ Թուրքիան ու Ադրբեջանը այսօր կունենային ցամաքային սահման, ինչը լրիվ շրջափակման մեջ կառներ Հայաստանին։ Եվ հնարավոր է այդ ամենից հետո Հայաստանում մայիսյան հաղթանակները եւս չլինեին այնպիսին, ինչպիսին այսօր են։ Ուստի մենք բոլորս միասին պարտավոր ենք լավ գիտակցել Ախալցխայի ինքնապաշտպանության դերն ու կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ Հայաստանի ու Վրաստանի անկախության ու երկու ժողովուրդների անվտանգ գոյության համար։

100 տարի է անցել այդ հերոսական օրերից եւ մենք այսօր էլ դեռեւս վերաիմաստավորելու կարիք ունենք այս մեծ հերոսական իրադարձությունները, որոնց արժեքն ու նշանակությունը մինչեւ օրս շատ հաճախ լավ չենք գիտակցում։

 

Էդուարդ Այվազյան