Ախալցխայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի հայկական դպրոցի տնօրենի հետ
Ապրիլի 10-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Ավյազյանի եւ Ախալցխայի երիտասարդական միության ատենապետ՝ Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական դպրոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի հետ։ Հանդիպման մասնակից մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվեցին դպրոցի տնօրենից ուսումնական կրթօջախի շուրջ վերջին օրերին շրջանառվող թեմաների շուրջ։ Մասնավորապես հարցերը վերաբերվում էին Հայոց Ցեղասպանության միջոցառումների անցկացմանը, դպրոցի ցուցանակի վրա հայերեն գրության վերականգնմանը եւ դպրոցում «Հայոց պատմություն» դասաժամի ավելացմանը։ Հատուկ անդրադարձ եղավ դպրոցում մայրենի լեզվի դասավանդմանը։
Դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովայի խոսքերով՝ նրանք դպրոցում պլանավորում են ապրիլի 23-ի առավոտյան անցկացնել դասընթացներ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ, որպեսզի երեխաները մանրամասն իմանան Հայոց Ցեղասպանության պատմությունը։ Նա նաեւ հավաքվածներին տեղեկացրեց, որ նույն օրը բեմի վրա տեղի է ունենալու ամեն տարի ավանդույթ դարձած միջոցառումը հին ֆորմատով, որի շուրջ այդքան աղմուկ էր բարձրացվել Վրաստանի ու Հայաստանի մի շարք հայկական լրատվամիջոցների կողմից։ Նրա խոսքերով՝ դրանից բացի նույն օրը նախատեսվում է անցկացնել Flashmob դպրոցին հարող փողոցի վրա եւ նմանատիպ Flashmob ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության խաչքար հուշակոթողի մոտ։ Հավաքվածներին Ակոպովան պատմեց, որ այս տարվա փետրվար ամսին դպրոցում անցկացրել է հայոց լեզվին նվիրված մեծ միջոցառում։
Հանդիպման մասնակիցները Ակոպովային հայտնեցին իրենց մտահոգությունները դպրոցի նոր ցուցանակի վերաբերյալ, որի վրա բացակայում է հայատառ գրությունը։ Տնօրենի խոսքերով՝ նման ցուցանակների պատրաստման չափորոշիչը նույնն է բոլոր դպրոցների համար, սակայն նրանք մտադիր են հայերեն գրության ավելացման հարցով դիմել Վրաստանի կրթության ու գիտության նախարարությանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Թիֆլիսի հայկական դպրոցներից մեկի վրա իշխանությունները թույլատրել են ավելացնել հայկական գրություն։
Հանդիպման ընթացքում երիտասարդական միության ատենապետ՝ Սամվել Պետրոսյանը բարձրացրեց հայկական պատմության դասավանդման անհրաժեշտության հարցը, որը նրա համոզմամբ շատ կարեւոր առարկա է հայկական դպրոցի աշակերտների համար, ինչին ի պատասխան Ակոպովան նշեց, որ դա չի մտնում Կրթության ու գիտության նախարարության կողմից կազմված առարկաների ցանկի մեջ։ Սամվել Պետրոսյանի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում կարելի է ստորագրահավաք նախաձեռնել ու դիմել Կրթության ու գիտության նախարարությանը, որպեսզի հայոց պատմության դասավանդումը մտցվի պարտադիր դասավանդվող առարկաների ցուցակի մեջ։
Հասարակական ակտիվիստ Սամվել Քոսյանի խոսքերով՝ ճիշտ կլինի մի ձեւաչափ մշակել, որի համաձայն տարին մեկ հանդիպում անցկացվի շրջանի հայկական դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ի հայտ գան դպրոցներում առկա խնդիրները ու մշակվեն դրանց լուծման ճանապարհները։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վելուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Ավյազյանի խոսքերով՝ ցուցանակի վրա հայկական գրությունը վերականգնելու համար նրանք եւս պատրաստ են անհրաժեշտության դեպքում կանգնել դպրոցի կողքին եւ որպես հասարակական կազմակերպություն դիմել Վրաստանի կրթության ու գիտության նախարարությանը հայկական գրությունը ցուցանակի վրա վերականգնելու համար։ «Ցանկացած հարցով որպես Վրաստանի լիարժեք քաղաքացիներ ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ կարող ենք դիմել Վրաստանի կրթության ու գիտության նախարարությանը։ Լինի դա հայատառ ցուցանակի վերականգնման հարցը, թե հայոց պատմության դասաժամ պարապելու հարցը։ Մի քանի օր առաջ մենք դա ասել ենք նաեւ ռեսուրսկենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեին ու ավելացրել, որ ճիշտ ենք համարում ապրիլի 24-ը հայկական դպրոցներում հայտարարվի ոչ աշխատանքային օր»,-հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Այվազյանը։
Հանդիպման ավարտին նա հույս հայտնեց, որ հանդիպումները այս ձեւաչափով շարունակական կլինեն ու համագործակցություն կձեւավորվի քաղաքի հայկական կազմակերպությունների ու դպրոցի միջեւ։