Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարեւորել են քառակողմ ձեւաչափի ձեւավորումը `ինչպես երկրների միջեւ հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ամրապնդման գործում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձեւաչափին եւ մասնակից երկրների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու կարեւորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց  աջակցությանը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը  եւս մեկ անգամ շեշտել է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խթանման, միջազգային իրավունքի սկզբունքների, երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման գործում չորս երկրների ընդհանուր շահերի մասին:

Հանդիպմանը կարեւորվել է տվյալ քառակողմ ձեւչափով հանդիպումը, որը նրանց կարծիքով մեծ հնարավորությունների ճանապարհ է բացելու տվյալ երկրների համար։ Նախարարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, նոր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները եւ այլն:

Հատուկ ուշադրություն է դարձվել քառակողմ համագործակցության  ակտիվացմանը կապված ապրանքների տարանցիկության իրականացնելուն դեպի Եվրոպա-Ասիա։ Այդ առումով երկրները պայմանավորվել են ակտիվացնել չորս երկրների ներուժի տվյալ ծրագրի զարգացման գործում։

Այս առումով հարկ է նշել, որ Իրանը կամա թե ակամա Վրաստանի հետ միասին եւս ներգրավվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող պանթուրքիստական ծրագրին, որը հասու է փոխել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու դեմոգրաֆիկ պատկերը հօգուտ թուրքական պետությունների։ Տվյալ գայթակղիչ խաղը, որը սկսեն են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը, առաջին հերթին նպատակ ունի տարածաշրջանում մեկուսացնել Հայաստանի Հանրապետությանը եւ քայքայել նրա տնտեսությունը, որը կստեղծի պայմաններ արտագաղթը էլ ավելի արագացնելու համար։ Նման իրավիճակում կարծես թե վերջ է դրվում նաեւ Հայաստանի կողմից Իրանի հետ իրականացվելիք Հյուսիս-Հարավ ծրագրին։

Վրաստանի մասով թուրքական պետությունների հիմնական հաշվարկները կայանում են նրանում, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ Վրաստանը էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնելու Ադրբեջանից ու Թուրքիայից, որը կարագացնի երկրի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխությունը հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Այստեղ մասամբ շահեկան վիճակի մեջ է հայտնվում Իրանը, որը ամեն գնով ձգտում է էլ ավելի դուրս գալ միջազգային պատժամիջոցների պատճառով նախկինում ձեւավորված իրավիճակից։ Եւ նրա համար Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրին միանալը այս պարագայում դիտվում է, որպես անհրաժեշտ միջոց տնտեսությունը ամրապնդելու համար։

Այդ ծրագրի նկատմամբ անտարբեր չէ նաեւ Ռուսաստանը, որը եւս միջազգային ճնշումների պատճառով զգուշորեն շարժվում դեպի նույն գաղափարը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը հետեւեց Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում։ 2017թ․նոյեմբերի 1-ին տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսել էր նոր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման կարեւորության մասին։ Դեռ այդ ժամանակվանից Հասան Ռուհանին խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, միտք էր հայտնել, որ այն իրար է կապելու Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը, ինչի միջոցով իրենց բեռները կուղղվեն դեպի Եվրոպա:

Տվյալ ծրագրի շուրջ միայն ԵՄ-ը ու ԱՄՆ-ն հայտնեցին իրենց դժգոհությունը Հայաստանի նախագծից դուրս մնալու կապակցությամբ։ Սակայն արեւմուտքի համար հարցը այստեղ ոչ այդքան Հայաստանի ծրագրից դուրս մնալու մեջ է, որքան Իրանի ու Ռուսաստանի։ Ավելի ճիշտ կլինի ասել ներ ձեւավորվող տնտեսական ու ինչու չէ նաեւ ապագայում քաղաքական տանդեմի, որը միավորելու է Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին ու նույնիսկ Վրաստանին։ Իսկ դա վտանգ է, իրական վտանգ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, ինչի հետ ոչ մի պարագայում արեւմուտքը չի հաշտվի։

Այս առումով հարկ է շեշտել, որ չնայած եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այն վաղուց խաղում է այդ ռազմաքաղաքական դաշինքի ու իր դաշնակից ԱՄՆ-ի խաղականոններից դուրս, որոնք նույնիսկ շատ հաճախ հակադրվում են իր դաշնակիցների շահերին։ Նման իրականության մեջ արեւմուտքի համար մնում է հարմար պահին stop տալ իր դաշնակից Վրաստանին, որը ավելի հուսալի գործընկեր է քան Թուրքիան, որպեսզի այդ ծրագիրը առնվազն սառեցվի մոտակա ժամանակներում։

Սակայն այդ պարագայում մի վտանգ եւս կա։ Տվյալ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը հավանաբար օգտագործելու են իրենց տնտեսական ու դեմոգրաֆիկ միջոցները ընդդեմ Վրաստանի, որոնք այսքան տարի կուտակում էին Վրաստանի տարբեր շրջաններում։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն