Գարունը՝ հայ մանուկների աչքերով
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում նկարչական մրցույթ էր կազմակերպվել, որը կրում էր “Գարուն” խորագիրը։ Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ արձագանքեցին ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնեցին զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց, ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։ Միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այդքան էլ ցայտուն չի ուրվագծվում, ի տարբերություն ցրտաշունչ ձմեռ ունեցող Հայաստանի, որտեղ զարթոնքն զգացվում է ամենուր։ Մրցույթին մասնակցած երեխաների տարիքը տատանվում էր 3_ից մինչև 12 տարեկան։ Նկարչական մրցույթի հաղթող ճանաչվեց 12_ամյա Անժելա Դալլաքյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին 9_ամյա Դավիթ Գրիգորյանն ու 8_ամյա Իզաբելլա Մանուկյանը։ Հաղթողները, ինչպես նաև բոլոր մասնակիցները, ստացան պատվոգրեր, մրցանակներ և նվերներ: