ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

Հարցազրույց Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ

Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ Ռոկիի թունելի եւ հարավաբխազական ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը, որից, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը, Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում կարող է օգտվել: Չէ՞ որ սա 20-25 տարի բանակցվում էր եւ միանգամայն անլուծելի հարց էր համարվում:

-Այդ փաստը, կարելի է ասել, մեծ քաղաքական ժեստ էր Վրաստանի կողմից Հայաստանին։ Ինչպես գիտեք՝ լուրջ խոչընդոտներ կային նման որոշման ընդունման համար, սակայն, շնորհիվ քաղաքական կամքի, Վրաստանի իշխանությունները համաձայնեցին ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագիր, ըստ որի՝ Վերին Լարսում անբարենպաստ պայմանների դեպքում Վրաստանից Ռուսաստան հաղորդակցությունը կարող է իրականացվել ինքնահռչակ Հարավային Օսեթիայի տարածքով, որը Վրաստանը համարում է օկուպացված։ Սա, անշուշտ, լուրջ քաղաքական որոշում էր, որում, միանշանակ, հաշվի է առնված նաեւ Վրաստանի տնտեսական շահը։ Վրաստանը բաց ու թափանցիկ քաղաքականություն է վարում իր հարեւանների հետ, եւ, կարծում եմ՝ այս որոշումն այդ քաղաքականության արդյունք է։ Դրանով Վրաստանն ավելի է ամրապնդում իր տրանզիտային երկիր լինելու կոչումը, եւ կարծում եմ՝ այդ որոշումն ընդունվել է որպես հակակշիռ քայլ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացմանը։ Համոզված եմ՝ այս որոշումը նոր էջ է բացելու Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունների միջեւ։

Դժվար է հավատալ, որ սա Վրաստանի ու Ռուսաստանի ժեստն է Հայաստանին, ուստի կարելի՞ է ենթադրել, որ վրացական ու ռուսական կողմերը եւս այս առումով խնդիրներ ունեն, եւ իրենց այս ճանապարհը պետք է:

-Չէի ասի, որ սա նաեւ Ռուսաստանի ժեստն էր Հայաստանին, քանի որ Վրաստանը միակողմանի է ստորագրել պայմանագիր շվեյցարական SGS ընկերության հետ բեռնափոխադրումների շուրջ։ Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, վրացական կողմը միակողմանի է ստորագրել այդ պայմանագիրը, քանզի Ռուսաստանն ինչ-որ պայմաններ էր առաջ քաշում տվյալ համաձայնագիրն ստորագրելու շուրջ։ Վարչապետի խոսքերից կարելի է տրամաբանել, որ հիմա գնդակը ռուսական կողմի մոտ է, եւ Ռուսաստանից է կախված՝ կիրականանա՞ն, թե՞ ոչ այս բեռնափոխադրումները։ Կարծում եմ՝ մոտ ապագայում պարզ կդառնա նաեւ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ, եւ կերեւա, թե նրանք ինչքան անկեղծ են այս հարցի շուրջ հայկական կողմի հետ ու արդյոք պատրա՞ստ են հետ կանգնել այն պայմաններից, որոնց մասին խոսում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Մնում է, որ Ռուսաստանը եւս տվյալ շվեյցարական ընկերության հետ ստորագրի նմանատիպ պայմանագիր։

Ի՞նչ տարողունակության եւ բեռնափոխադրումների հնարավորության մասին է խոսքը:

-Ներկա պահին կարող ենք դատել՝ ելնելով միայն վարչապետի հայտարարությունից։ Նրա խոսքում ասվում է, որ տվյալ ճանապարհով Հայաստանը կարող օգտվել միայն ֆորսմաժորային իրավիճակներում, այսինքն՝ սողանքների եւ ձնաբուքի ժամանակ, երբ փակվում է Վերին Լարսի ճանապարհը։ Այս ամենից բխում է, որ խոսքը նույն բեռնափոխադրումների մասին է։ Ուղղակի այս պարագայում դրական ձեռքբերումը հայկական կողմի համար այն է, որ, նախկինի պես, եղանակային պայմանների պատճառով բեռնափոխադրումները չեն դադարի։ Եթե այս որոշումն իրականություն դառնա, ապա ժամանակ անց այն կարող է ավելի ընդգրկուն դառնալ։ Դա կախված է Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից տարվող բանակցությունների արդյունքներից։

Որքանո՞վ է անվտանգ լինելու այդ ճանապարհը՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում կան ԻՊ անդամների հետ կապեր ունեցող չեչեններ, դաղստանցիներ:

-Կարծում եմ՝ նման խնդիր գոյություն չունի։ ԻՊ-ի անդամների հետ կապեր ունեցող չեչենների մասին երբեմն-երբեմն խոսվում է մամուլում, սակայն իրականության մեջ խնդիրը չափազանց ուռճացված է։ Կարծում եմ՝ այդ հարցով մենք մտահոգվելու տեղիք չունենք։ Հիմա 90-ականները չեն, եւ պետությունները բավական լուրջ բարեփոխման են ենթարկել իրենց անվտանգության համակարգերը։

Արդահանի նահանգապետերից մեկը վերջերս Ախալքալաքի ղեկավարի հետ հանդիպեց եւ քննարկեց Ջավախքում թուրքական ներդրումների թեման։ Արդյոք նորմա՞լ է, որ Շիրակի մարզպետը նման հանդիպումներ չի ունենում:

-Իհարկե, նորմալ չէ։ Ասեմ ավելին՝ Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի նահանգապետերը բավականին հաճախ են հանդիպում, եւ դա առաջին հանդիպումը չէ։ Նրանց դեսպանը եւս հաճախ է այցելում Ախալցխա եւ տարբեր տեսակի հանդիպումներ անցկացնում Ջավախքում։ Մեր փոխարեն թուրքերն են ակտիվություն ցուցաբերում ու պայմանավորվում իրենց տուրիզմը եւ բիզնեսը զարգացնել հայաշատ Ջավախքում։ Թուրքերը հատուկ ուշադրություն են դարձնում Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին, որտեղ վերջին տարիներին թվով շատ ադրբեջանցիներ են սովորում։ Տարբեր տնտեսական ծրագրերով օգնում են նաեւ թուրք մեսխեթցիներին։

Այս տարիների ընթացքում մի օր չտեսանք, որ Շիրակի մարզպետը եւ Սամցխե-Ջավախքի մարզպետն իրար հետ հանդիպեին ու ինչ-որ հարց քննարկեին։ Չնայած Ջավախքում մեծամասնությունը հայեր են, եւ քննարկման ենթակա շատ ավելի հարցեր կան։ Զբոսաշրջության զարգացումից սկսած, տնտեսական ծրագրերով վերջացրած:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի բուն էությանը, ապա այն կանվանեի Հայաստանի կողմից Սամցխե-Ջավախքի նկատմամբ քաղաքականության բացակայություն, ինչը խոչընդոտում է երկու շրջանների միջեւ տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանը։

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտնել էր, որ Ջավախքի թուրքացումը թույլ չտալը ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի ազգային անվտանգության հարցն է, որքանո՞վ է վրացական կողմն այդ կարծիքին:

-Գիտեք, եթե հայկական կողմն այդ ուղղությամբ աշխատանք չտանի, մենք երբեք այդ մասին չենք էլ իմանա։ Կարծում եմ՝ վրացական կողմը հիանալի գիտակցում է տվյալ վտանգը, սակայն այդ ուղղությամբ հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատանք իրականացնի։ Օրինակ՝ Դուք մատնանշել էիք Արդահանի մարզպետի այցը Ջավախք, որն ամենաթարմ ու ցցուն ապացույցն է այն բազմաթիվ փաստերի մեջ, որ թուրքական կողմն ակտիվ աշխատանք է տանում վրացական կողմի հետ։ Իսկ հայկական կողմը երեւացող ոչինչ չի անում։ Իհարկե, լավ է, որ Շիրակ Թորոսյանը նման հայտարարություն է անում, սակայն ցավալին այն է, որ պատգամավորներից միայն Շիրակն է դրա մասին խոսում, իսկ թուրքերն ու ադրբեջանցիներն առանց խոսելու ծրագիր են մշակում եւ այն կամաց-կամաց կյանքի կոչում։ Նման հայտարարությունից հետո պետք է, որ տվյալ հարցի շուրջ խոսեին թվով ավելի շատ պատգամավորներ։ Պետք է, որ մշակվեր ծրագիր, եւ այն վրացական կողմի հետ միասին կյանքի կոչվեր։ Համոզված եմ, որ վրացական կողմը կհամաձայներ հայկական կողմի առաջարկներից շատ շատերի հետ։ Առաջարկներ, որոնք մրցունակ պայմաններում կփորձեին բալանսավորել թուրքական ազդեցությունը Սամցխե-Ջավախքում։ Խոսքը, հիմնականում, տնտեսական ներդրումների մասին է, որոնց միջոցով հնարավոր կլինի թուլացնել թուրքական կողմի ազդեցության լծակները Ջավախքում եւ նպաստել հայապահպանությանը շրջանում, ինչն ինքնին թուրքական ծրագրերի իրականացման արդյունավետ խոչընդոտ կհանդիսանա։

 

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հրապարակ Օրաթերթ