Հատուկ գործողություն սահմանին
Հուլիսի 31-ին Ադրբեջանը հայտնեց իր ԶՈՒ զոհված լեյտենանտի մասին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հայկական ուժերի կողմից Թովուզի բնակավայրերի գնդակոծության հետեւանքով:Մինչ այդ, ադրբեջանական կողմը կրկին լարել էր իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի սահմանագծում: Գնդակոծվել էին բնակավայրերը: Ամբողջությամբ շարքից հանվել էր հայ ֆերմերներից մեկի տնտեսությունը: Դիպուկահարը կրակել էր 14-ամյա պատանու ուղղությամբ, ով կարողացել էր թաքնվել ու ողջ մնալ:ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում քննարկումներից մեկում նշել էր, որ այդ զոհված լեյտենանտը՝ Հուսեյն Աքբերլին, բարձր որակի դիպուկահար է եղել:
Չի բացառվում, որ դա եղել է նույն դիպուկահարը, ով հետապնդել էր հայ պատանուն:Մի քանի օր անց Ադրբեջանը հայտնեց եւս մեկ կորստի մասին, այդ նույն սահմանագոտում:Ադրբեջանը պարբերաբար լարում է վիճակը Հայաստանի հետ սահմանին, որն այսպես ասած ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է: Ընդ որում, հաճախ այդ լարումները համընկնում են որոշակի իրադարձությունների, կապված մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ:
Սովորաբար, երբ նման դեպքերում բարձրացվում է ՀԱՊԿ-ի խնդիրը, ռուսական կողմը եւ նրանց հայկական «սուրհանդակներն» ասում են, որ Հայաստանը չի դիմում պաշտոնապես, այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ը չի արձագանքում նման դեպքերին:
Հնարավոր է՝ այդպես է, թեեւ գոնե հայտարարությունների մակարդակում ՀԱՊԿ-ը չպետք է որեւէ բանի սպասի, քանի որ Հայաստանի դեմ կրակոցը, ենթադրվում է, կրակոց է նաեւ ՀԱՊԿ-ի դեմ:Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը շատ կուզեր, որ Հայաստանը դիմեր, «հայտնի պատճառներով», մասնավորապես նկատի առնելով խաղաղապահների երբեմն-երբեմն ակտիվացող թեման:ՀԱՊԿ-ը եւ դրա առաջատար Ռուսաստանը, ինչպես ցույց տվեցին հայ-ադրբեջանական դիմակայության վերջին տարիների իրադարձությունները, ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն են, այն առումով, որ զսպեն ու սահմանափակեն հայկական ուժերի գործողությունները: Եթե այդպես չլիներ, Ադրբեջանն անգամ օդ չէր կրակի:Հայաստանը ճիշտ է անում, որ չի դիմում ՀԱՊԿ-ին: Մի կողմից, այդ կառույցին «պարտքի տակ թողնելով», մյուս կողմից՝ սեփական ԶՈՒ գործողությունների համար ազատություն ապահովելով:
Բացի այդ, ապահովվում է նաեւ Ադրբեջանի համար անակնկալը՝ այդ երկիրը պետք է մշտական վախի ու կասկածի մեջ լինի, չիմանալով, թե որ կողմից է լինելու հարվածը:Տավուշում հատուկ գործողությունը հանրային մեծ հնչեղություն չստացավ, քանի որ այդ օրերին Հայաստանում «քրեական հրավառություն» էր՝ իրար հետեւից աղմկալի սպանություններ էին կատարվում, հանրությունն ըմբոշխնում էր քրեական քրոնիկոնն ու կենցաղային հողում փորփրած կեղտը, որ հորդում էր ԶԼՄ-ների էջերում:
Lragir