Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան
Հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի: Այս մասին, այսօր՝մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, մայիսին հայկական կողմը երկու լուրջ ձեռքբերում է ունեցել. մեկը 1992 թվականի Շուշիի ազատագրումն է, երկրորդը՝ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն արձանագրեց հայկական կողմի հաղթանակը: Շուշին աշխարհագրական դիրքի շնորհիվ այնպիսի անառիկ պայմաններ ունի, որ գրեթե անհնար է գրավել, և այն ազատագրվել է միայն հայ զինվորի կողմից»:
Անդրադառնալով բանակցային գործընթացին Շիրակ Թորոսյանն ասաց, որ հայկական կողմը փորձում է կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները: Սահմանին մշտադիտարկման սարքեր ենք տեղադրել՝ ոչ միայն մշտադիտարկում անցկացնելու, այլեւ մեր սահմանն անառիկ պահելու համար: Բուն բանակցություններ լինելու համար նախևառաջ պետք է այդ սկզբունքներն ապահովվեն, որ սահմանախախտները բացահայտվեն և մեղադրանքները հասցեավորված լինեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությունը, Շիրակ Թորոսյանն ասաց, որ Ադրբեջանը լրջագույն խնդիրներ կունենա, եթե պատերազմ սանձազերծի. «Ադրբեջանի գործն է՝ պատերազմ կսկսի՞, թե ոչ: Մենք պատրաստ ենք դիմակայելու: Պետք է ապահովել բոլոր մեխանիզմները, որպեսզի սահմանն ամուր պահենք՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ոլորտում»:
Թորոսյանը նաեւ նշեց, որ եեթե Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք է փնտրում, ապա այն կարող է լինել պատերազմը, իսկ հայկական կողմի համար՝ Արցախի ճանաչումը:
news.am