Գերմանացի դիվանագետներն Արցախի մասին ծավալուն հոդված են հրապարակել

Գերմանացի դիվանագետներն Արցախի մասին ծավալուն հոդված են հրապարակել

Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:

 Հոդվածը համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) և Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել  են իրենց տպավորություններն ու գնահատականները:

Գերմանացի դիտորդները նշել են, որ  չնայած բարդ իրավիճակին, որում երկար ժամանակ գտնվում է ԼՂՀ-ն (իր պետականության կերտման հենց սկզբից Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, այնուհետև Ադրբեջանի հետ 1994 թվականին միջազգայնորեն կնքված հրադադարի պայմանագիրը, որն անընդմեջ խախտվել է՝ ընդհուպ մինչև  անցած տարվա ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկայնքով վերսկսված ռազմական հարձակմամբ) 2006թ.-ին հաջողվել է ժողովրդավարական Սահմանադրություն հռչակել, և այդ իսկ Սահմանադրությանը համապատասխան՝ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել:

«Այս հանրաքվեն, ինչպես նաև նախորդ հանրաքվեները և խորհրդարանական ու  նախագահական ընտրությունները, ամրացրեցին ԼՂՀ դե-ֆակտո պետության միջազգային իրավական արդյունավետությունը»,- նշել է հոդվածի համահեղինակ Մորելը և, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության թեմային, հավելել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը 21-րդ դարում կարող է միայն բանակցությունների սեղանի շուրջ լուծվել:

Իր հերթին դեսպան Շմիդթն ընդգծել է, որ ուրախալի է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ընթացել է միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխան: «Եվ այս քաղաքական իրադարձությունը թերագնահատման ենթակա չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի հարևանությամբ քաղաքական պատկերը գնալով ավելի ու ավելի է արտահայտվում  ավտորիտար, ընտանեկան դինաստիայի բռնապետական ​​կառավարման գործընթացներով»,- նշել է Շմիդթը:

Երկու դիվանագետներն էլ մանրամասն անդրադարձել են այն հանգամանքին, որ հանրաքվեն կազմակերպվել է ժողովրդավարության բարձր մակարդակով, ընտրողների նկատմամբ ճնշումներ կամ ընտրական գործընթացի խախտումներ չեն գրանցվել, և որ երկրի կառավարման ու անվտանգության հարցերում իրենց շփումների ընթացքում հասարակության և իշխանության ներկայացուցիչների կարծիքները շատ նման են եղել: Նրանք անհրաժեշտ են համարել, որ փոխզիջումների հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը մեծապես կազդի ողջ Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Artsakhpress.am