Գերմանիան աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ. էկոնոմիկայի նախարար
		16.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային


Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանմանելու գաղափարին։

«Նման քայլը կվտանգի Գերմանիայում սոցիալական խաղաղությունը։ Մենք պետք է մտածված ու զգույշ գործենք», — նշել է պաշտոնյան։

Հաբեքն ընդգծել է, որ Բեռլինը հետևողականորեն աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ` հավելելով, որ երկիրն արդեն լավ առաջընթաց է գրանցել ռուսական ածխի և նավթի ներկրումից անկախանալու հարցում։

Անդրադառնալով Գերմանիայի տարածքում գազի արդյունահանման հնարավորությանը՝ փոխկանցլերը շեշտել է․ «Դա դժվար գործընթաց է և կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր բնական միջավայրի վրա։ Ներկայումս ընկերություններ էլ չկան, որոնք ցանկանում են դրանով զբաղվել»։

Հաբեքը հայտնել է նաև, որ Գերմանիայի պաշարները հիմնականում սպառվել են։