Արցախի նախագահն ընդունել է մի խումբ կամավորականների 15.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել:
Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը՝ ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները:
Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին, ինչպես նաև պատասխանել կամավորականներին հուզող հարցերին: