Հայաստանի տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման մասին լուրերը կեղծ են. Դենիս Ավտոնոմով
		14.04.2022 . Միջազգային


Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ շրջանառվող կեղծ լուրերին:

«Կցանկանայի անդրադառնալ կեղծ լուրերին։ Դրանց թվում են Հայաստանի տարածքով արաբ վարձկանների Ուկրաինա տեղափոխման, Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների փոխանցման մասին լուրերը»,- նշել է դիվանագետը։

Նա անդրադարձել է Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումներին։ Ավտոնոմովի խոսքով՝ Ուկրաինան Ադրբեջանին զենք չի մատակարարում՝ սկսած 2014 թ.-ից։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայի մոտ 2000 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան, որոնց ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Ավտոնոմովը նշել է, որ Հայաստան տեղափոխված անձանցից 75-ը փախստականի կարգավիճակ են խնդրել: