ԱՄՆ-ն չի ճանաչում «ընտրությունները» Հարավային Օսիայում
		10.04.2022 . Վրաստան, Քաղաքական


 

ԱՄՆ-ը չի ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենում ապրիլի 10-ին Հարավային Օսիայում, և չի ճանաչում դրանց արդյունքները, ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ շատ պարզ է, այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են։ Ո՛չ «ընտրությունները», ո՛չ էլ ապրիորի անօրինական «հանրաքվեն», որը կոչ է անում Հարավային Օսիային մտնել Ռուսաստանի կազմի մեջ չեն ճանաչվում։ Ըստ այդմ, մենք ընդգծում ենք մեր ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Այժմ, երբ Ռուսաստանը դաժան, չհրահրված և չարդարացված պատերազմ է վարում Ուկրաինայում և միտումնավոր հարձակվում է ուկրաինացի ժողովրդի և քաղաքների վրա, առավել կարևոր է պահպանել միջազգային անվտանգությունը հիմնավորող այս հիմնարար սկզբունքները:

Ուստի մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և Վրաստանի օկուպացիան և կատարել 2008 թվականի զինադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դրանց թվում են ռուսական զորքերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր, Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման չեղարկումը, այդ շրջաններում մարդասիրական օգնության ազատ տեղաշարժի ապահովումը»,- ասվում է ԱՄՆ առաքելության մեջ։