Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում
		04.04.2022 . Միջազգային


Կիրակի Սերբիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ ներկա նախագահ Ալեքսանդր Վուչիչի օգտին քվեարկել է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ Զդրավկո Պոնոշի օգտին՝ 17 տոկոսից պակաս։ Սերբիայի նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու՝ հայտնում է svoboda.org-ը։

Խորհրդարանական ընտրություններում էլ հաղթում է «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան՝ Վուչիչի՝ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գլխավորությամբ։ Վերջին տվյալներով՝ կոալիցիայի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 45 տոկոսը։ Այսպիսով, ըստ Վուչիչի, նոր խորհրդարանում իր ղեկավարած կուսակցությունն ունի 124 կամ 125 մանդատ ստանալու բոլոր հնարավորությունները։

Դիտորդների կարծիքով՝ ընտրություններից հետո Վուչիչը պետք է լուծի երկու հիմնական խնդիր՝ չկարգավորված հարաբերությունները Կոսովոյի հետ (խմբ.- Բելգրադը չի ճանաչում նրա անկախությունը և այն համարում է Սերբիայի մաս) և Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների խնդիրը (խմբ. Սերբիան ԵՄ միակ թեկնածուն է, որը ձեռնպահ է մնացել դրանց միանալուց)։

Վուչիչը հայտարարել է, որ շարունակելու է ռազմական չեզոքության քաղաքականությունը և չի մտնելու ռազմական դաշինքների մեջ։ Նա նաև ընդգծել է, որ Սերբիան կձգտի պահպանել գործընկերային և բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ, միաժամանակ շարունակելու է երկրի եվրաինտեգրման քաղաքականությունը։