Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը. ուսումնավարժանքներ՝ Արցախում 31.03.2022 . Արցախ
Ներքին անվտանգության ապահովումը, բնակչության բոլոր ահազանգերին ժամանակին արձագանքելն ու անհրաժեշտ օգնության ցուցաբերումը ՆԳ նախարարության կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ամենօրյա հետևողականությամբ, հաճախակի կազմակերպվող ուսումնավարժություններով ու պարապմունքներով։
Խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում յուրաքանչյուր փրկարար ծառայող հստակ գիտի իր անելիքը։ Դրան նպաստում է նաև հաճախակի կազմակերպվող դասընթացներն ու տարվա պլանի համաձայն իրականացվող պարապմունքները։ Հերթական պարապմունքը, որին հետևել է ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, նպատակ ունի բարձրացնելու փրկարարական, վթարափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև դրանց կատարման համար մշտական պատրաստականության ապահովումը, հատկապես, երբ ծառայության շարքերը պարբերաբար թարմացվում են, իսկ նորակոչիկների պատրաստվածությունը ղեկավարության ուշադրության կենտրոնում են։
Պարապմունքների ընթացքում, որին մասնակցել են բոլոր պահակախմբերի նորակոչիկները, մասնավորապես ուսուցանվել են հակահրդեհային գործողությունների ճիշտ ու ժամանակին կատարում, արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում և համակարգում թեմաները և տեխնիկական ու փրկարարական միջոցների կիրառման առանձնահատկությունները։
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը վերաբերող ուսումնավարժությունների, և մարզումների, աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման վերաբերյալ վարժանքները և հաճախակի կազմակերպվող պարապմունքներն անշուշտ տալիս են դրական արդյունք։