ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին):
Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի մասին, քննարկել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը եւ անդրադառնալ կարգավորման հաջորդ քայլերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Նրանք նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղում մի շարք տարածքներ: Իրենց հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ, կոչ անելով կողմերին` զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորության եւ իրենց գործողությունների մեջ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտահայտել են իրենց դիրքորոշումը համանախագահների առաջարկների շուրջ, որոնք վերաբերվում են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ իրավիճակի հետագա սրացումից խուսափելուն, մասնավորապես Զատկի ու Նովրուզի տոների ժամանակ: Նրանք հայտնել են իրենց հանձնառությունը շարունակելու բանակցային գործընթացը հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար:
Համանախագահները նաեւ ընդգծել են շարունակական աջակցության կարեւորությունը դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են իրենց համոզմունքը առ այն, որ հարգանքը հրադադարի ռեժիմի հանդեպ չափազանց կարեւոր է վստահության մթնոլորտի ձեւավորման եւ հետագա բանակցությունների համար:
Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ ներկայացնելու Մինսկի խմբի անդամներին հանդիպումների արդյունքները: