Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանը ստանձնեց լիազորությունները

Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանը ստանձնեց լիազորությունները

Ազգային ժողովի հատուկ նիստում 62- ամյա Վահագն Խաչատրյանը երդմամբ ստանձնեց Հայաստանի հինգերորդ նախագահի պարտականությունները։

Հանդիսավոր նիստն անցկացվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Սահմանադրության մայր օրինակի վրա Խաչատրյանը երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը․ — «Իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։

Ինչպես և նախորդ անգամները, և համաձայն նիստը անցկացնելու կարգի մասին Ազգային ժողովի խորհրդի որոշման, ելույթով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը վերջերս նախընտրում էր պաշտոնական միջոցառումներին երկրի բարձրագույն ղեկավարությունից առանձին մասնակցել։

Վեհափառը նկատեց՝ հինգերորդ նախագահը պաշտոնը ստանձնում է դժվարին ժամանակահատվածում, երբ հաղթահարված չեն պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները, իսկ ապագան անորոշություններ է պարունակում․ — «Երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, երբ պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին։ Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով։ Երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը, և ապագան անորոշություններ է պարունակում»։ «Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամատրություններով։ Երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով», — ասաց Գարեգին երկրորդ Վեհափառը։

Վահագն Խաչատրյանը ժամանակին անդամակցել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին և դեմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական կարգին ու գործող Սահմանադրությանը; Այսօրվա իր ելույթում արդեն նախագահը հայտարարեց՝ պետական կառավարման այս կամ այն համակարգը ինքն իրեն ժողովրդավարություն կամ բռնապետություն չի ծնում։ «Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ և բացթողումներ։ Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող», — շեշտեց Խաչատրյանը։

Վահագն Խաչատրյանը յոթ տարով նախագահի պաշտոնը ստանձնեց արտահերթ ընտրություններով։ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման չորրորդ տարում անակնկալ հրաժարական տվեց հունվարին՝ այդ քայլը պատճառաբանելով իր սահմանափակ լիազորություններով։ Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետության գլուխն է, բայց խորհրդարանական կառավարման մոդելը որդեգրած Հայաստանում նախագահի լիազորությունները հիմնականում արարողակարգային են։

Նորընտիր նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից ու մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել։

Աղբյուր` azatutyun.am