Հրապարակվել է «Ցիանիդի գործով» ձեռք բերված ապացույցների մի մասը
Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակում է այսպես կոչված` «Ցիանիդի գործով» հետաքննության ընթացքը և ձեռք բերված ապացույցների մի մասը: Ներկայումս հարցաքննվել է 30 վկա, կատարվել է 90-ից ավելի քննչական գործողություն: Դատախազությունը ապացուցված է համարում, որ մեղադրյալ Հայր Գիորգի Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել` մարդու դեմ օգտագործելու նպատակով: Հիշեցնենք`«Ցիանիդի գործով» քննությունը սկսվել է փետրվարի 2-ին, քաղաքացի Իրակլի Մամալաձեի դիմումի հիման վրա, ով հայտնել է, որ իր ծանոթ Հայր Գիորգին խնդրել է օգնել իրեն սեղմ ժամկետներում կալիումի ցիանիդ ձեռք բերելու գործում՝ խոստանալով դրամական փոխհատուցում: Մամալաձեն դատախազությանն է տրամադրել նաև իր կողմից արված աոուդիո և տեսաձայնագրությունները, որոնցում հոգևորականի և իր հանդիպումն է: Մամալաձեն հոգևորականին ասում է, որ կալումի ցիանիդ ձեռք բերելը հեշտ չի լինի և առաջարկում է նատրիումի ցիանիդ, որն արտադրվում և ակտիվորեն գործածվում է Վրաստանում: Հայր Գիորգին ի պատասխան հետաքրքրվում է, արդյոք նատրիումի ցիանիդը կունենա նույն ազդեցությունը:
«Երեց Գիորգի Մամալաձեն մեղադրվում է Շորենա Թեթրուաշվիլիի սպանության նախապատրաստման, հրազենի ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: Միևնույն ժամանակ, ձեռք բերված ապացույցներից ելնելով, կասկածներ կան, որ Մամալաձեն պատրաստվում էր թունավորել այլ մարդկանց ևս, և որ նա ամենայն հավանականությամբ գործել է համախոհների հետ միասին: Վրաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է աշխատել մի քանի վարկածների վրա, և բոլոր ուղղություններով ընթանում է ինտենսիվ հետաքննություն»,– լրագրողներին հայտնեց դատախազ Ջարջի Ծիկլաուրին:
Դատախազությունը հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակեց հոգևորականի բջջային հեռախոսի քաղվածքը, ըստ որի երեցը google որոնողական համակարգում փնտրել է նատրիումի ցիանիդի ազդեցության մասին տեղեկատվություն: Մամալաձեն ասել է, թե իր ծրագրած գործողություների արդյունքում պատրիարքարանում իրեն սպասվում է դիրքի բարձրացում: Քննությունը հաստատված է համարում նաև այն, որ Մեղադրյալը նատրիումի ցիանիդը ձեռք է բերել ոչ Իրակլի Մամալաձեից` խոստանալով նրան հանդիպել գումարը փոխանցելու և թունավոր նյութը վերցնելու համար, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել: Փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում Մամալաձեն ձերբակալվում է, նրա մոտ հայտնաբերվում է նատրիումի ցիանիդ:
Գիորգի Մամալաձեն մեղադրվում է պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլի սպանության նախապատրաստման, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու և կրելու մեջ, քննությունը տարվում է քրեական օրենսգրքի 18-108 և 236 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկում:
Ալիք Մեդիա