Քաղաքացի լինելու գիտակցումը
Յուրաքանչյուր զարգացող երկրում անսահման կարեւոր է քաղաքացու ներդրումը տվյալ երկրի ժողովրդավարական զարգացման համար: Մեր երկիրը եւս բացառություն չէ եւ այստեղ անսահման կարեւոր է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ազգային պատկանելությունից իր ներդրումն ունենա երկրի զարգացման, կայացման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Սամցխե-Ջավախքում բնակվող յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է գիտակցի իր քաղաքացի լինելու իրավունքների եւ պարտավորությունների մասին: Միայն այդ կերպ կարելի է հասնել շրջանում առկա բոլոր խնդիրների լուծմանը եւ կառուցել արժանի ապագա մեր սերունդների համար:
Այդ ամենին հասնելու համար նախ պետք է մեր մեջ դաստիարակենք քաղաքացի լինելու գիտակցումը: Ակտիվորեն ներգրավենք երկրում իրականացվող քաղաքական ու հասարակական գործընթացների մեջ: Ուսումնասիրենք մեր իրավունքները, պարտավորությունները եւ մեր շրջանում ժողովրդին հուզող բոլոր խնդիրները: Այդ ամենին հասնելով պետք է գրագետ ձեւով բարձրաձայնենք մեր խնդիրների ու իրավունքների մասին: Ձեւավորելով ազատ ու քաղաքականապես կոփված հասարակություն օգնենք երկրին դառնալու ավելի ամուր ու ժողովրդավարական:
Այդ ճանապարհին պետք է սովորենք համադրել մեր ազգային շահերը պետական շահերի հետ, ինչը անշուշտ շատ դժվար է, սակայն նույն ժամանակ՝ իրականանալի:
Անշուշտ խնդիրները շատ են Վրաստանում եւ առավել շատ հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում: Եւ մինչեւ մենք չսովորենք այս երկրի լիարժեք քաղաքացիներ լինել, դժվար կլինի լուծել այդ կուտակված խնդիրները, որոնք ապարդյուն բարձրաձայնվում են արդեն տասնյակ տարիներ: Խնդիրների լուծման համար մենք Վրաստանի հայ քաղաքացիներս պետք է ունենանք ճկուն, բայց նույն ժամանակ ազգային արժեքների վրա ձեւավորված քաղաքականություն, որպեսզի մեզ հարգեն ու մեր կարծիքի հետ հաշվի նստեն:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն