Թրամփը լավատես է՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում հանգուցալուծումը մոտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուկրաինական հակամարտության կարգավորման հստակ ժամկետներ նշել։ Սպիտակ տանը լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, թե «Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին պատկերացումներ կլինեն առաջիկա օրերի ընթացքում»։
«Այո, շատ շուտով»,- արձագանքել է Թրամփը։
Լրագրողները փորձել են հստակեցնել՝ քանի՞ օր հետո դա տեղի կունենա, ինչին նա պատասխանել է․
«Օրերի հստակ քանակ չկա, սակայն՝ շուտով։ Մենք ցանկանում ենք հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման։ Մարկոն իրավացի է, երբ ասում է, որ մենք ցանկանում ենք՝ հակամարտությունն ավարտվի»։
Թրամփը հայտնել է, թե իր ղեկավարությամբ գործող վարչակազմը կհրաժարվի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման փորձերից, եթե կողմերից մեկը բարդացնի բանակցային գործընթացը։
«Եթե ինչ-ինչ պատճառներով կողմերից մեկը բանակցությունը շատ բարդ դարձնի, մենք պարզապես կասենք՝ դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք, և մենք պարզապես կհրաժարվենք դրանից։ Սակայն ես հուսով եմ՝ մենք դա ստիպված չենք լինի անել»,- ասել է նա։
Թրամփը չի ասել՝ արդյոք մտադիր է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնել, եթե խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն անհաջողությամբ ավարտվեն։
«Ես այդ մասին չէի խոսի, քանի որ կարծում եմ՝ մենք կհասնենք խաղաղ կարգավորման»,- ասել է նա։
Թրամփը շեշտել է՝ կարծում է, որ Ուկրաինայում կրակի դադարեցման ու հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում հասնում են հանգուցալուծմանը։
«Կարծում եմ՝ մենք այժմ իրապես լավ հնարավորություն ունենք դրան հասնելու։ Այժմ ամեն ինչ հանգուցալուծման է տանում»,- ասել է նա։