Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում. ՌԴ ԱԳՆ 18.04.2024 . Տարածաշրջան
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում շոշափել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղահանված հայ բնակչության վերադարձի հարցը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքը լքած հայ բնակչությանը, ապա Ադրբեջանի իշխանություններն ընդունել են վերաինտեգրման հատուկ ծրագիր, ՌԴ-ը ողջունում և աջակցում է այդ քայլը: Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքների և, իհարկե, անվտանգության պատշաճ ապահովման դեպքում: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- ասել է նա։
Խոսելով 80-ականների վերջին և 90-ականների սկզբի հակամարտության արդյունքում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, ինչպես նաև այդ նույն ժամանակ Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական այլ քաղաքներ լքած հայերի մասին՝ Զախարովան ընդունել է, որ այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել, համակողմանի կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, երկու երկրի միջև ձևավորել վստահության մթնոլորտ, իրականացնել եռակողմ հայտարարությունների դրույթները, կնքել խաղաղության պայմանագիր, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, սահմանազատել և սահմանագծել սահմանը, կանոնավոր շփումներ հաստատել քաղաքացիական հասարակությունների միջև։
«ժողովուրդների հաշտեցման գործընթացի մեկնարկի մասին հնարավոր կլինի խոսել կատարված աշխատանքի արդյունքի հիման վրա: Մարդիկ պետք է կարողանան առանց վախենալու ճանապարհորդել հարևան երկիր ու բնակվել նրա տարածքում»,- եզրափակել է Զախարովան։