Զելենսկին պաշտոնից ազատել է բոլոր մարզային զինկոմիսարներին

Զելենսկին պաշտոնից ազատել է բոլոր մարզային զինկոմիսարներին



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է զինկոմիսարիատներում ստուգումների անցկացումը:
Նրա խոսքով՝ զինկոմիսարիատների պաշտոնատար անձանց նկատմամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 112 քրեական վարույթ, կա նաև 33 կասկածյալ:
«Որոշում ենք կայացրել պաշտոնից ազատել բոլոր մարզային զինկոմիսարներին։ Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը, և ինչու պետք է ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ համարել պետական դավաճանություն»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որ զինկոմիսարիատները ղեկավարեն մարտադաշտից վերադարձած և իրենց առողջությունը հանուն հայրենիքի զոհաբերած մարդիկ, ովքեր այլև չեն կարողանալու մարտական առաջադրանք կատարել: 

Նախագահը հավելել է, որ երկու շաբաթից տեղի կունենա ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ այդ պաշտոններում կառաջադրվեն նոր թեկնածուներ: