Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան

Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան


Աղավնոյից, Բերձորից, Սուսից օգոստոսին տեղահանված արցախցիները կօգտվեն բնակարանային ապահովման պետական ծրագրից: Հայաստանի Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար հիփոթեքի ծրագիրը:
4000 ընտանիք կարող է օգտվել՝ վճարելով միայն կանխավճարի 1-10 տոկոսը՝ կախված, թե որտեղ է ուզում տուն գնել՝ Արցախում, Հայաստանի մարզերում, թե Երևանում:
Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու դեպքում արցախցիների համար սահմանվել են առավել բարենպաստ պայմաններ:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) — Սահմանամերձ գյուղական բնակավայրերի համար բնակելի տան ձեռքբերման դեպքում 14 միլիոն մայր գումարը վարկի և 13 տոկոս տոկոսագումարի գծով կվճարի պետությունը, իսկ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկի դեպքում՝ 16 մլն դրամ և 13 տոկոս տոկոսադրույք:
Սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1 տոկոս կանխավճար: Փոխնախարար Խաչատրյանը հիշեցրեց՝ Երևանում հիփոթեքով բնակարան գնելու կանխավճարը առնվազն 10 տոկոս է, մարզերում՝ 5, Արցախում՝ կրկին 1 տոկոս: Արցախում, մարզերում, Երևանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմանները չեն փոխվել:
Դավիթ Խաչատրյան — Երևանի դեպքում մայր գումար՝ 8 մլն, 8 տոկոս, մարզերի դեպքում՝ 10 մլն, 10 տոկոս, Արցախի դեպքում՝ 12 մլն, 12 տոկոս:
Հայաստանի 900 գյուղական բնակավայրից 80-ը սահմանամերձ են: Ծրագրի առաջնահերթ նպատակը, ըստ փոխնախարարի, տեղահանված արցախցիների բնակարանի հարցի լուծումն է: Սահմանամերձ գյուղերում հնարավոր է առավել մատչելի պայմաններով տուն ձեռք բերել: Խաչատրյանի գնահատմամբ՝ ծրագիրն այդ առումով լավ հնարավորություն է: Ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման, կադաստրային ծախսերը ևս կհոգա պետությունը:
Դավիթ Խաչատրյան — Շահառուների ցանկը Արցախի կառավարության կողմից տրամադրվել է: Ճշգրտվել, փոփոխվել է այդ ցանկը: Հնգօրյա ժամկետում վերջնական ցանկը Արցախից կստանանք, որից հետո կսկսվեն հավաստագրերի թողարկումը, տրամադրումը:
Հավաստագրերը ստանալուց հետո մեկ տարի դրանք կլինեն ուժի մեջ: Ֆինանսավարկային կազմակերպությունների ընտրությունը, ըստ Խաչատրյանի, լայն է, շահառուները կարող են շուտով սկսել հիփոթեքի վարկավորման, բնակարանի ձեռքբերման գործընթացը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվում է 20 հազար արցախցի:
Նրանցից մոտ 15 հազարը բնակապահովման այս ծրագրի մասնակից կարող են դառնալ: Եթե բնակարանի արժեքը գերազանցի պետական աջակցության սահմանաչափը, տարբերությունը կվճարի շահառուն:

Ծրագրի տարեկան բյուջեն մոտ 7 միլիարդ դրամ է: