Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Նա մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին։

«Ես հակված եմ կարծելու, որ Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում ԱՄՆ-ը և Արևմուտքը Հայաստանը ներգրավում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ երկիրն ընտրել է ժողովրդավարության ուղին, ուստի ձգտում է ամրապնդել համապատասխան ինստիտուտները։ Դիվանագետի խոսքով՝ Երևանը խորացնում է տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, և նման քաղաքականությունը սկզբունքային շրջադարձ չի համարում։ Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի հիմնական գործընկերներն են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին