Իրաքը օրենք է ընդունել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնելու մասին

Իրաքը օրենք է ընդունել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնելու մասին


Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը հանցագործություն է համարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ օրենքը խախտողները կարող են դատապարտվել մահապատժի կամ ցմահ ազատազրկման՝ գրում է Al Jazeera-ն:

Օրենքը, որը կոչվում է «Սիոնիստական համակարգի հետ հարաբերությունների հաստատման ու կարգավորման քրեականացման մասին», հաստատվել է հինգշաբթի: Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի 329 պատգամավորից 275-ը:

Իրաքը երբեք չի ճանաչել Իսրայելը, և Իրաքի քաղաքացիներն ու ընկերությունների ներկայացուցիչները չեն կարող այցելել Իսրայել, երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Օրենքն առաջարկել է ազդեցիկ շիա հոգևորական Մուկթադա աս-Սադրը, որի կուսակցությունը դեմ է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ սերտ կապերին: Անցած հոկտեմբերին կայացած ընտրություններում կուսակցությունն ավելի շատ տեղեր է ստացել Իրաքի խորհրդարանում: