Հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները կարելի է հաղթահարել միայն կարող ուժերի համախմբվածության միջոցով. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին մասնակցել է «Ապագա հայկականը»
զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախյան ֆորումի փակման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները, ընդգծել, որ նման
նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու
մոտեցումները: Նախագահն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա
խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները, թե՛ Հայաստանի
ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի
համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով: Այդ համատեքստում նա հատուկ շնորհակալություն է հայտնել
«Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես
Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով գործուն աջակցություն ցուցաբերելու համար: