Կիևը չի ընդունի եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները. Կուլեբան՝ ԵՄ անդամակցության մասին


Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին. մենք դա չենք հանդուրժի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։

«Ուկրաինան միակ տեղն է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են եվրոպական արժեքների համար: Կարծում եմ՝ այս փաստը հարգանքի է արժանի»,- նշել է նախարարը։

Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել, և հարկավոր է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Կիևը, Կուլեբան ընդգծել է․ «Մեր երկիրը մտադիր չէ ընդունել եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները։ Հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն այժմ առաջնահերթություն է Կիևի համար, քանի որ դա թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել բոլոր հարցերը»։

Ուկրաինայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ գործողությանը։ «Պատերազմի առաջին ամիսներին մեզ համար հաղթանակ կարող էր համարվել նույնիսկ ռուսական զորքերի հետքաշումը մինչև փետրվարի 24-ը նրանց զբաղեցրած դիրքեր։ Հիմա, եթե հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, հաղթանակ կհամարենք մեր մնացած տարածքների ազատագրումը»,- համոզմունք է հայտնել Կուլեբան։