Մենք դատապարտում ենք Բռնազավթված Ցխինվալի շրջանում այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին. ԱԳ նախարարություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ռուսաստանի կողմից բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ ԱԳ նախարարության տարածած հայտարարության՝ նման անօրինական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և կոպտորեն խախտում Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Ռուսական օկուպացիայի և ցամաքային արդյունավետ հսկողության ներքո ոչ մի ընտրություն իրավական ազդեցություն չի ունենա, երբ վրացիների էթնիկ զտումների հետևանքով Աբխազիայից և Ցխինվալիից վտարված հարյուր հազարավոր փախստականներ և ներքին տեղահանված անձինք դեռ զրկված են հայրենիք և իրենց տներ անվտանգ վերադառնալու հնարավորությունից։ Նրանց իրավունքներն ու ազատությունները կոպտորեն ոտնահարված են: Վրաստանի օկուպացված շրջանների նկատմամբ Ռուսաստանի արդյունավետ վերահսկողությունը և մարդու իրավունքների խախտումների համար նրա պատասխանատվությունը հստակորեն հաստատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ։
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի վերաբերյալ Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը։
«Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել և արդյունավետ արձագանքել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հետագա անօրինական գործողությունները», – ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Նախնական տեղեկություններով, օկուպացված Ցխինվալիի այսպես կոչված նախագահական ընտրություններում առաջատար է Ալան Գագլոևը:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։