Վրաստանի արտգործնախարարն այցով Չեխիայում է

Վրաստանի արտգործնախարարն այցով Չեխիայում է

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին այցով գտնվում է Չեխիայում, որտեղ այսօր հանդիպել է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Միկուլաշ Բեկին։

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման հիմնական թեմաներն են եղել Եվրամիությունում Չեխիայի առաջիկա նախագահությունը, ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը և ինքնագնահատման հարցաթերթիկը լրացնելու ընթացիկ ընթացակարգերը։

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները։

Նույն տեղեկատվության համաձայն՝ չեխ նախարարը նշել է, որ ԵՄ-ում Չեխիայի նախագահության ընթացքում իր երկիրը առաջնահերթություն է տալու Ասոցացված եռյակի բոլոր երեք երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դիրքավորմանը։

Նախօրեին Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իլյա Դարչիաշվիլիի այցը Չեխիա կշարունակվի ապրիլի 13-14-ը։

Այցի ընթացքում Իլյա Դարչիաշվիլին կհանդիպի նաև Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ։