Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։

Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է  Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է բացասական պատասխան։

Քաղաք Վալեի հայկական 3-րդ հանրային դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի խոսքերով՝ իրենք եւս ըստ օրենքի պատրաստվում են փոխել հին հայատառ ցուցանակը նորով, որի ընթացքում տեղեկացել են, որ ցուցանակի վրա կարելի է գրել միայն այնպես, ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա։ Հետեւաբար դա նշանակում է, որ տվյալ դպրոցի ցուցանակի վրա եւս չի լինելու հայերեն գրություն։

Մեր տեղեկությունների համաձայն՝ բավականին վերջերս հայկական ցուցանակը հանվել է նաեւ Մեծ Պամաճ գյուղի դպրոցի պատից։

Տվյալ խնդիրը կարելի է ասել, որ կրում է համատարած բնույթ։

Հատկանշական է այն փաստը, որ օրինակ Թբիլիսիի հայկական 104 դպրոցում թույլատրվել է պատին վրացերենի ու անգլերենի կողքին փակցնել նաեւ հայատառ ցուցանակ։