«Ստալինն ուզում էր վերադարձնել հայկական հողերը». Մոսկվան փորձում է կանխել Armexit-ը

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» հոդված է հրապարակել, որում պնդում է, որ իբր 1945 թվականի օգոստոսին Ստալինը մտադիր էր «վերադարձնել պատմական հայկական հողերը», դուրս գալ Բոսֆոր եւ Դարդանել, սակայն Նագասակիի վրա նետված ամերիկյան ռումբը խանգարել է: Հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ-ն Ճապոնիայի վրա ռումբ է նետել, որ Ստալինին զգուշացնի՝ եթե հարձակում սկսի հայկական հողերի վրա, ռումբը կարող են այնտեղ էլ նետել:Հոդվածն ակտիվորեն տիրաժավորվում է ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում:

Միայն կռահել կարելի է, թե ինչու են 2017 թվականին հիշել Ստալինի չիրականացված «մտադրությունը»: Այնպիսի տպավորություն է, որ ռուսական տարբեր ատյաններ պատասխանում են հայկական ինչ-որ պահանջների՝ լինեն բացահայտ, թե լատենտ՝ փորձելով «արդարացնել» Մոսկվային եւ կանխել Հայաստանի հեռանալը:Գնալով ավելի շատ ռուս փորձագետներ են խոսում, որ Հայաստանը մտադիր է «հեռանալ» ռուսական ազդեցությունից: Դա կապված է ինչպես ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության առաջարկի, այնպես էլ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից Հայաստանի դժգոհության ալիքի, Թուրքիային ռուսական C 400-ի մատակարարման պայմանավորվածության, Եվրասիական միության ու ՀԱՊԿ-ի անմխիթար վիճակագրության հետ:Դատելով հայաստանյան հանրային հռետորաբանությունից՝ Ռուսաստանի «անայլընտրանքայնության» ժամանակներն անցել են, եւ շատերը պարզապես պահի են սպասում, երբ հնարավոր կլինի «պոկվել»:Մոսկվայում դա հիանալի հասկանում են, այդ պատճառով հակափաստարկներ են որոնում:

Օրինակ, Ստալինը ցանկանում էր ազատագրել հայկական հողերը, սակայն ամերիկացները ռումբ նետեցին Հիրոսիմայի վրա: Մյուս փաստարկներն արդեն չեն գործում:Եթե ռուս փորձագետները փորձում են հակափաստարկներ գտնել, ապա ադրբեջանական լրատվամիջոցներն ակնհայտորեն հայ-ռուսական «գողական» սկանդալ են սադրում: Գրեթե ամեն օր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են տարբեր քաղաքագետների կարծիքներ, որոնք ասում են, որ Հայաստանը «դավաճանում» է Ռուսաստանին բոլոր «պանյատներով»:

«Դավաճանություն» է համարվում սեփական շահերի պաշտպանությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե փորձում են ցասում առաջացնել խաբված «պախանի» մոտ եւ այն ուղղել Հայաստանի վրա:Դժվար է ասել, թե Հայաստանի ղեկավարությունը ինչ է խոստացել Ռուսաստանին եւ արդյոք հավերժ հավատարմության երդում է տվել, սակայն հայ հանրությունը ոչ մի երդում չի տվել, հետեւաբար ոչ ոքի էլ չի դավաճանում:Հայ հանրությունն աստիճանաբար ձեւավորում է իր շահը եւ սկսում ռացիոնալ հնչեցնել այն:

Ինչ վերաբերում է Ստալինին, ապա ռուս սահմանապահները դեռ հսկում են հայ-թուրքական սահմանը որպես «ԱՊՀ արտաքին սահման», եւ Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը: Կարիք չկար, որ Ստալինն ազատագրեր Հայաստանը, բավարար կլիներ այդ պայմանագրերի չեղարկումը, առավել եւս, որ Թուրքիան պարտված պետություն էր Երկրորդ աշխարհամարտում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Լրագիր