Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Բազմիցս անդրադարձել ենք ամեն օր մեծացող թուրք-ադրբեջանական վտանգին Սամցխե-Ջավախք տարածաշրջանի համար: Բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել այդ առումով նրանց կողմից մեր տարածաշրջանում իրականացվող աշխատանքների, սակայն այսօր հարկ է խոսել մեր անելիքների եւ այդ գործում Հայաստանի դերի մասին:

Ցավոք, բազմաթիվ տարիներ Սամցխե-Ջավախքի հայությունը իրեն մենակ է զգացել իր խնդիրների առջեւ: Այսօր յուրաքանչյուր գրագետ քաղաքական գործչի համար պարզ է դառնում, որ ջավախքահայության խնդիրները միայն ջավախքահայերինը չեն, այլ նրանք կրում են համահայկական եւ նույինիսկ համավրացական բնույթ: Խոսքը նրանում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներին ավելանում են նորերը, որոնք քայլ առ քայլ թուլացնում են ջավախքահայության դիրքերը, ինչից անպայման կօգտվեն միայն թուրքերը,  իրենց մեծացող մարդկային ու տնտեսական ռեսուրսներով: Այդ իսկ պատճառով ջավախքահայության ցանկացած խնդիր համահայկական եւ համավրացական նշանակություն ունի եւ անմիջապես կապված է պետությունների անվտանգության հետ:

Այս պարագայում անհասկանալի է, թե ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն լուծելու կուտակված խնդիրները եւ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները լուրջ չեն մոտենում Սամցխե-Ջավախքի թուրքացման վտանգին:

Հավանաբար Վրաստանի քաղաքական վերնախավում դեռ ինչ որ չափով առկա է նախորդ իշխանության կողմից հայկական վտանգի մասին ստեղծած կարծրատիպը, իսկ Հայաստանի իշխանության մոտեցման վերաբերյալ դժվար է գտնել այլ բացատրություն,  քան խնդրին ոչ լավատեղյակ լինելը:

Հավանաբար հարցը կայանում է նաեւ նրանում, որ ջավախքահայության հետ տարբեր հարցերով առնչություն ունեն հիմնականում անիրազեկ եւ անգործունակ անձինք, որոնց գործունեությունը կայանում է իշխանությանը սխալ տեղեկություններ տրամադրելու մեջ:

Նման անձինք առկա են նախարարություններում, իշխանության այլ տեսակի համակարգերում եւ տարբեր տեսակի կազմակերպություններում: Տվյալ անձանց գործունեության ասպարեզը նեղ հայացքներից է կազմված եւ որոշ դեպքերում միակողմանի բնույթ ունի, ինչի արդյունքում ունենք այն ինչ այսօր ունենք:

Այն կազմակերպությունները ու անհատները, ովքեր  Ջավախքում վտանգելով իրենց անձնական կյանքը ու անվտանգությունը, ծավալել ու ծավալում են իրավապաշտպան եւ հայապահպան գործունեություն, ստիպված են դիմակայել նաեւ տվյալ տեսակի մարդկանց ոչ հայանպաստ դիրքորոշումներին ու աշխատանքների հետեւանքներին:

Իհարկե դա չի վերաբերվում բոլորին եւ այսօրվա իրականության մեջ կան այնպիսիք, ովքեր բազմիցս գրագետ ձեւով բարձրաձայնում են բոլոր առկա խնդիրները եւ իրենց հնարավորությունների չափով օգտակար լինում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությանը: Սակայն դա բավարար չէ եւ անհրաժեշտ է, որ Սամցխե-Ջավախքում գործող հայկական կազմակերպությունները ամեն ջանք գործադրեն, որ մեր տարածաշրջանի նման ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի խնդիրներով զբաղվեն իրավիճակով իրազեկ, գործունակ ու հայրենասեր անհատներ, ովքեր մեծ ջանք կգործադրեն աջակցելու ու ոչ թե խանգարելու Սամցխե-Ջավախքի հայության խնդիրների լուծմանը: Ցավոք այսօրվա իրականության մեջ կան նման անհատներ, որոնք կատարում են ինչ որ անհատների կամ խմբերի պատվերներ, որոնք հաճախ դեմ են մեր ազգային ու պետական շահերին:

Ընդամենը քառորդ դար առաջ Սամցխե-Ջավախքի Բորժոմի եւ Աբասթումանի քաղաքներում կարելի էր հանդիպել բազմաթիվ հայկական ընտանիքների: Այսօր նրանց թիվը մոտեցել է զրոյի: Ախալցխայի 90% հայ ազգաբնակչությունից ընդամենը 25 տարիներ անց մնաց 40%: Ախալքալաքը եւս արագ հայաթափվում է: Այս իրավիճակին ենք հասել տարբեր պատճառով, երբ գործ անելու փոխարեն վնաս ենք հասցրել գործ անող անհատներին, կազմակերպություններին, կրթամշակութային օջախներին  եւ հայկական լրատվամիջոցներին:

Անձնական կույր փառասիրության պատճառով ընդունակ ենք եղել վնաս հասցնելու ամեն ինչին, ինչ հայկական է:  Այսօրվա տեմպերով ու նման մոտեցման շարունակության դեպքում եւս քառորդ դար եւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայությունը կվերածվի բացարձակ փոքրամասնության ու նրա տեղը մեծ հավանականությամբ կզբաղեցնի թուրքը:

Այդ ժամանակ նման ապազգային գործունեություն ծավալած փառասեր ու հարմարվող անհատները գոհ կլինեն իրենց արարքից, քանզի այդ դեպքում բավարարված կլինի իրենց անձնական «Ես»-ը նյութական ու սկզբունքային իմաստով, որը իրենց տեսանկյունից ավելի բարձր է, քան ազգային շահը:

Այս պարագայում խիստ անհրաժեշտ է, որ դեռեւս լավ հեղինակություն վայելող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթանա Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող հոգսերին եւ դրանցից բխող ավելի գլոբալ խնդիրներին ու անձնական վերահսկողության ներքո վերցնի Սամցխե-Ջավախքի հայության խնդիրներով զբաղվող պետական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների գործունեությունը: Դա ոչ մի կերպ չի նշանակում միջամտել Վրաստանի ներքին գործերին, ինչպես կարծում են որոշ քաղաքական գործիչներ, այլ անել հնարավորը օրենքի եւ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում: Նման կերպ օրինակ ավելիով Վրաստանում արդեն անում են Ադրբեջանն ու Թուրքիան:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերջերս կայացրած որոշումով, որով նա վերացրեց Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը Սամցխե-Ջավախքի բնակչության համար ուրախալի քայլ էր, ինչը դրական ազդեցություն գործեց մեր ժողովրդի վրա: Նրա այցը Վրաստան եւս որակապես տարբերվում էր նախորդ վարչապետների այցից: Ժողովուրդը վերջապես հասկացավ, որ Հայաստանի վարչապետի են դիմավորում Վրաստանում: Այդ առաջին հայացքից չնչին հարցը Վրաստանում բնակվող հայերին տվեց նոր հպարտության զգացում, որը մարդիկ կորցրել էին տասնյակ տարիների ընթացքում:

Հաջորդ դրական եւ անչափ կարեւոր քայլը կլինի այն, որ վարչապետը անձամբ տեղեկություն ստանա Սամցխե-Ջավախքի խնդիրների վերաբերյալ եւ հաշվի առնելով նրա հզոր կապերը գործարար աշխարհի մարդկանց  հետ խրախուսի ներդրումները մեր տարածաշրջանում, ինչի շնորհիվ մեր ժողովուրդը կկարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական օր-օրի հզորացող գործոնին:

Այս ամենից ելնելով հարկ է նշել, որ մեր ժողովուրդը լավ է ճանաչում եւ երախտապարտ է այն անհատներին, կազմակերպություններին, պետական ու քաղաքական գործիչներին, որոնք մշտապես բարձրաձայնում են ջավախքահայության խնդիրները Հայաստանում: Եվ այսուհետ մեր օգնությամբ լավ է ճանաչելու նաեւ նրանց ովքեր ճիշտ հակառակն են անում, կամա թե ակամա նպաստելով շրջանի թուրքացմանը:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը այսուհետ ավելի ուշադիր է  հետեւելու տարբեր պաշտոնյաների ու անհատների գործունեությանը, որը վերաբերվում է Սամցխե-Ջավախք տարածաշրջանին, ինչից  հետո մի քանի հայկական կազմակերպությունների հետ միասին հանդես կգա արդեն հասցեական հայտարարություններով:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն