1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում, Թիւրքիայում և Պարսկաստանում: Ախալցխացիները առանձին երախտագիտութեամբ էին յիշում նրա անունը. յայտնի և ծածուկ շատերին օգնութեան ձեռք է մեկնել և շատ ընտանիքներ բաղդաւորեցրել: Իւր բնական խելքով մեր շատ վաճառականներին օգնել է և ոտքի կանգնեցրել: Անցեալ խոլերայի տարին ամեն կերպ օգնեց ախալցխաներին, դեղ-սնունդ հասցնելով չքաւորերին: Քաղաքիս վերի-պլան կոչուող թաղում մի ընդարձակ տարածութիւն տեղ պարսպապատեց, որտեղ կառուցանելու էր եկեղեցի, բայց որը մինչև այսօր չի սկսուել: Կովկասի ոչ մի եկեղեցի չունի այնպիսի շքեղ ու ծանրագին ջահ, որպիսին կախուած է քաղաքիս ս. Փրկիչ եկեղեցում և որը հանգուցեալի նւէրն է: Ահագին կարողութիւնից անկարելի է որ կտակած չլինի զանազան բարեգործական հաստատութիւնների. եթէ նոյն իսկ կտակ էլ թողած չլինի, հանգուցեալի ժառանգները անշուշտ իրենց հօր յիշատակը կանմահացնեն բարի գործով: Մութաֆեանի մահով Ախալցխան կորցնում է իւր արժանաւոր որդուն և վաճառականութիւնը իւր ազնիւ ներկայացուցչին:
«Նոր Դար», 1897թ., № 43, 14 մարտի
Արմեն Ասատրյան
պատմաբան